Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/208

Այս էջը հաստատված է

155 Ելած որոնելու հորիզոններ, գալիք
Սերունդների համար արահետներ ուղիղ —
Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,
Այն ի՜նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի...
Այն ի՜նչ գանձեր արդյոք, ի՜նչ արգասիք ու բեռ,
160 Ի՜նչ ոսկիներ ոգու ու զորության...
Ո՛չ։— Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,
Կարավաններ ահի ու թշվառության։—

Ելած որոնելու գալիքների շավիղ,
Ապագայի ընթացք ու հորիզոն —
165 Նոքա կրում են լոկ անանձնական ցավի
Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ՝
Հազարամյա մեր դեմքը երիզող...
Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով
Շղարշելով խեղճությունն հազարամյա —
170 Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր՝
Ներքինատիպ, զազիր ու զառամյալ․․․
Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ
Փառապանծ անցյալի անունով —
Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց՝
175 Հանուն որդու, հոգու և հանուն հոր...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,—
180 Կտրել ենք երկար մի ճանապարհ
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, о, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,—
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
185 Անխզելի ընթացք ու գաղափար...