Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է

Ծածկած հաճախ գրով գոթական—
25 Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ...
Օ՜, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում — ոգու հոգնություն ե՛ղկ,—
30 Անտեսնելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ...

Գիշերը երկար նա նստած
Քրքրել էր իր հին նամակները բազում.—
Մոռացության փոշին էր նրանց վրա նստած,
35 Եվ թվում էր՝ հեռու մի երազում
Նա տեսնում է կրկին իր օրերը,
Հորձանուտը նրանց անօրինակ —
Այդ դեղնավուն թերթերը, այդ զանազան գրերը՝
Ի՜նչ ըղձերով արդյոք հորինած...
40 Նամակների դեզում կային խստաբարո
Գրություններ՝ շեշտով խրատական,
Ինչ—որ ուրիշ կյանքի ընթացք բարբառող,—
Գրություններ կային, որոնք, սակայն,
Նշում էին նրան ուղի նվաստ,
45 Գծում դժնի ընթացք ասիացու,
Եվ հորդորում էին քայլով զգաստ
Ընթանալ կամոքն աստուծո՝
Խոնարհությա՛ն շավղով, առաքինության,
Դարերով սրբագործյալ հեզության,
50 Որ ժողովուրդը լինի, ինչպես հնում —
Չարքաշ, աստվածավախ ու արդար։—
Սակայն նամակների դեղին դեզերում,
Ծալքերում նրանց փոշաբույր
Հանկարծ աչքին ընկավ մի դրություն գերող՝
55 Մի փոքրիկ թերթ կապույտ։—