Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին։—
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
60 Արհավիրքների հրե հորձանքում —
Դուք նրան դավել, մեջքի՛ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից—անկում։—
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,—
65 Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի՛ սազում նա ձեր արնոտ մռութին։
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին.—
Դա մե՛րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
70 Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
75 Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին։
Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին —
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին։
80 Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ։
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
85 Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել`
Պրոլետարիատի հաղթական ձեռքով։