Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/272

Այս էջը հաստատված է

Ահով է լցված օդը:
Նա նայում է երկար: Ականջ դնում։ Լուռ է։
Բայց լռությունը այնքա՜ն է անհանգիստ։
Լռությունը շնչում է տագնապով։ Լռությունը ժխոր է։
60 Խուլ, տագնապոտ ժխոր, որ գուցե աղմուկն է իր

քունքի։

Այդ ձիե՞ր են դոփում, թե իր սրտի զա՞րկն է։
Հեռագի՞րն է արդյոք իրեն այդպես հուզել։—
Բայց քաղաքում ահա, զարկով հատու ու բարկ,
Տասն անգամ, զարկ զարկի ետևից, երգում է մի չոր

մաուզեր
։

65 Նա շոյում է ճակատը։ Ձեռքերը գրպաններում
Ուզում է մի փոքր քայլել զրահապատի կողքին,—
Բայց ձեռքը դիպչում է մի թղթի — և նա միտքն է

բերում

Հեռագիրը նորից։— Նա լապտերի շողքին
Մոտենալով՝ հանում է գրպանից
70 Հեռագիրը, որ նորից կարդա,—
Երբ հանդիպում է հայացքը ինչ—որ ծանոթ բանի,
Եվ նայում է նա նրան երկար,— նայում է անթարթ։
Զրահապատի անունն է։— «Վարդան Զորավար»:
Գրված գրերով դեղին։
75 Նա նայում է, նայում է, նայում է նա երկար,
Ինչ—որ մի բան կարծես կպչում է ուղեղին։
«Վարդան Մամիկոնյան»․․․ Նա մի քանի անգամ
Կրկնում է անունն այդ մեքենայորեն —
Եվ աչքերի առջև նա տեսնում է հանկարծ
80 Մի թղթե սաղավարտ... և իրեն։—
Այդ ե՞րբ էր... Տարինե՞ր, թե մի ամբողջ անծայր
Հազարամյակ առաջ, երբ կենդանի էր դեռ հայրը։—
Երբ թվում էր դեռ կյանքը զարմանալի՜ պայծառ
Եվ դպրոցի բեմը — Ավարայր էր...