Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274

Այս էջը հաստատված է

115 Օ, չի՞ եղել արդյոք մեր պատմությունն ամբողջ
Մի այդպիսի անգո Ավարայր․․․
Եվ նրանք, ժողովրդի ասպետները բոլոր,
Այդ տերերը դաժան ու ժլատ —
Բեմ չե՞ն ելել արդյոք փայտե նիզակներով,
120 Գլխներին թղթե սաղավարտ։—
Եվ այդ լեգենդն ամբողջ, որ դարերի միջով
Ձգվելով արնոտ ու եղերական —
Շառայլել է գյուղերը հրդեհների բոցով —
Չի՞ եղել արդյոք բեմական
125 Նո՛ւյն Ավարայրը խեղճ, որին ժողովուրդը,
Իբրև մուտքի վճար իր ապրուստը տալով՝
Գազազել է, ցնդել, արյան գետեր հորդել,
Լոկ տեսնելով իր դեմ թղթե սաղավարտներ՝
Հրճվանքից ու վշտից խնդալով ու լալով...
130 Եվ այժմ — հին վեպին իբրև ֆինալ —
Ահավասիկ «Հանրապետությունն Արարատյան» —
Նո՛ւյն թիթեղը ու թուղթը՝ հագած արյուն ու փայլ,
Նո՛ւյն թիթեղե այն սուրը՝ հագած մահո՛ւ պատյան...
Եվ ինքը — զորավարը — միթե մանո՞ւկն է նույն,
135 Որ բեմական փայլով շլացած,
Զգեցած սուտ փառքի մի միֆական անուն՝
Խաղում է նույն դերը դարձյալ...
Շուրջը նայեց մի պահ և դառը ծիծաղեց:
Ձեռքը բնազդաբար տարավ գլխարկին,
140 Կարծես զննել ուզեց, թե թիթեղե
Այն սաղավարտը չէ՞ դեռ իր հագին։—
Ո՛չ։— Մի օրում, հանկարծ, այն օրերից խաղաղ
Կտրելով հսկա մի ճանապարհ —
Ավարայրը դարձավ մի հայրենի քաղաք,
145 Իսկ թիթեղե զրահը — զրահապատ։—
Բայց թղթե է դեռ իր սաղավարտը,