Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/296

Այս էջը հաստատված է

Թ


65 Չի՛ առաջնորդում այլևս մեզ՝
Երգասաններիս, այն լուսերես
Երգի դիցուհին, որ անմարմին
Իջնում էր առաջ, դարերում հին,
Ոգի էր տալիս այրերին հին,
70 Հանճար էր տալիս այրերին հին,
Ու մղում էր այդ այրերին հին
Դեպի կյանք վսեմ ու երկնային։

Ժ


Օ՜, հելլենական դարեր վսեմ,
Երբ մարդկությունն իր խանձարուրում
75 Դեռ երգերո՛վ էր դիտում, խորհում,
Եվ երգերո՛վ էր տնկում բույսեր,
Եվ երգերով էր հերկում լուսե
Իր արոտները, և իր նսեմ
Ուղեղով դեռ նո՜ր փորձում էր սև
80 Կյանքի ընթացքը նախատեսել։

ԺԱ


Սակայն քերթողն է դեռ այն ասել,
Այն ոլիմպացին վերջին, թե երբ
Կյանքում աճում է ամենուրեք
Ոգի գործարար, իմաստ զորեղ,—
85 Այլևս դու չե՛ս առաջնորդում,
Դիցուհի՛ երգի, այլ ինքդ՝ դու
Առաջնորդվում ես, գնում արթուն
Հետքերով Մտքի առաջնորդող։—