Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/298

Այս էջը հաստատված է

ԺԵ


Բայց չեմ գովերգում երգով իմ այս
Ես հին դարերի խաղողն այն սև,
115 Եվ հին դարերի գինին այն զեխ,
Եվ հին դպրության հո՛ւնն այն դժվար
Օ՜, տքնությո՛ւն դու դարերի ծեր,
Որ արքաների՛ն միայն լուսել,
Որ ճորտությո՛ւն ես սերմանել սև
120 Եվ սին դպրությամբ ոսկեզօծել:

ԺԶ


Օ, միջնադարյան մթին խուցեր
Եվ վարդապետնե՛ր դեմքով մթին․
Որ դպրությունն եք ստեղծել հին․
Սևակող գրքեր՝ մտքերով սին,
125 Դժնաձայն տաղեր, հանգով խրթին,
Աղոթքներ՝ ձոնված անեղծ կույսին․
Որ գեղջուկ մարդու գեղջուկ մտքին
Քաշեք պատնեշներ խավարածին:

ԺԷ


Օ՜, վեղարավոր դպիրներ հին,
130 Որ ճաշակել եք ողկույզն անգին,
Ճորտերի տնկած ողկույզն անգին,
Ճորտերի քամած արդար գինին —
Եվ ձեր խուցերում՝ հանգով խրթին՝
Անեծքներ հղել գինուն, որթին,
135 Եվ ռամիկ, արդար ժողովրդին
ժուժկալ ճորտություն քարոզել սին:—