Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

ԺԸ


Օ, մռայլախոս դպիրներ սև,—
Դու, Շնորհալի՛, և դո՛ւ, Նարե՛կ,
Դո՛ւք—մագաղաթյա և հանճարեղ,
140 Դո՛ւք — զարհուրելի, ինչպես Դարեհ,
Դո՛ւք — պատան մտքի, դո՛ւք — անարև,
Որ սրտի համար դարե՜ր, դարե՜ր
Կերտել եք դագաղ — պատյան քարե,
Եվ ոգու համար — դժնյա տառեր։—

ԺԹ


145 Օ՜,միջնադարյան մռայլ արև՝
Կախված կապարե երկնքից մութ,
Միջերկրականից մինչև Տղմուտ
Երկի՛ր քարաշատ, հերկեր ջերմոտ,—
Եվ հրով կիզված մի ժողովուրդ՝
150 Կուռ դղյակների թե՛ բիրտ, թե՛ բութ
Բռնության ներքո՝ կեղեքված սուտ
Քարոզչությամբ այդ բազմահմուտ...

Ի


Գոռ դղյակներում նստած հարուստ
Ազատանիներ շվայտ ու ցոփ,
155 Զրահներ զարհուր ու արնացոլք —
Եվ ստրուկների վերջին հացով
Բարձրացած վանքե՛ր քանդակազօծ...
Վանքեր երկնահեց ու խոյացող՝
Մռայլ դպրության հեղձուկ բոցով
160 ճորտերի հոգին ընդմիշտ խոցող...