Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

ԻԴ



185 Օ, ո՛չ.— համընթաց ձեր դպրության,
Այդ հին դարերից, որպես Գողթան
Վտակներ վճիտ ու ոսկեձայն —
Հասել են տաղեր մեզ տխրության
Եվ գեղջկաբարբառ ուրախության...
190 Հասել են տաղեր գուսանական,
Հայրեններ ռամիկ ու ռամկական
Եվ անտունիներ թափառական...

ԻԵ


Ասում եմ ես գովք գուսանական
Քաղցրիկ երգերին մեր ոսկեձայն,
195 Որ երգիչները թափառական
Երգել են մթին դարերում այն։ —
Մեր հին քերթությա՛նն այդ աշխարհիկ,
Որ դայլայլներով բիրտ բարբառի,
Ընդդեմ վանքերի մռայլ քարին —
200 Երգել է սերը չնաշխարհիկ...

ԻՋ


Եվ ասում եմ գովք ես հիմա այն
Մեր հայրեններին գեղջկաբարբառ,
Որ գինու գովքն են երգում անչար,
Որթան ողկույզի հմայքն անճառ՝
205 Քրտնաթոր մարդու վաստակն արդար:
Օ՜, ռամիկ մարդու լեզո՛ւ ճարտար,
Ձայն աշխատանքի արևավառ,
Սիրո, խնդության գեղջուկ քնա՛ր...