Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/314

Այս էջը հաստատված է

ԺԸ


Առաջին անգամ նա թռավ
Դեպի հուր հեռուներ անծանոթ
Գտնելու հրե մի անոթ
140 Ըղձերի համար իր հրակ,—
Շառաչող հողմերին այն ուրախ
Նա իր բորբ տենչանքը տվեց —
Եվ լսեց երկիրը նրան,
Եվ հառնեց՝ ըմբոստ ու վեհ։

ԺԹ


145 Նո՜ր ջրեր էին վարարել
Մեր երկրի գետերում արդեն,
Եվ մի ա՛յլ արև էր վառել
Մեր երկրի հուրհուրան արտերը.
Եվ մահու կացնից ազատված
150 Մեր երկրի սրբազան բարդին
Հրահուր խնդությամբ լցված
Սպասում էր երգի ու վարդի։—

Ի


Բայց ոգին նայիրյան երգի,
Հողմերի շնչով օրորուն,
155 Աշխարհի խնդությամբ հրկեզ՝
Սավառնում էր երկա՜ր դեռ հեռուն,—
Մենք երկա՜ր, երկա՜ր դեռ պիտի
Կիզվեինք հողմերում հանուր,
Որ մեր երգը դառնար երկաթե,
160 Եվ ոգին մեր՝ անկոր ու անհուն:—