Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

ԻԱ


Ինչքան է՛լ կարոտով անձուկ
Սպասեր բարդին մեր երգին —
Մեզ մի ա՛յլ կարոտ էր խանձում,
Մի ուրիշ — անսահման երկիր.—
165 Եվ մինչև դառնայինք կրկին
Մենք երկիրը մեր՝ նո՛ր երգերով —
Դեռ որքա՞ն այն արևը փրկիչ
Մեզ պիտի կիզեր իր հրով։

ԻԲ


Եվ ճախրում էր նա, մեր ոգին,
170 Մեր երկրի դաշտերից հեռու,
Ունկնդիր աշխարհի մորմոքին,
Աշխարհի տագնապով եռուն,—
Ուռճանում էր նա անհագուրդ,
Հրկիզվում աշխարհի հրով,
175 Ամբարում էր իմաստ ու խորհուրդ,
Որ լցվի անհու՜ն երգերով։—

ԻԳ


Եվ այսպես երկա՜ր սավառնեց
Մեր ոգին հեռու-հեռուները,
Իր ամբողջ վեհությամբ հառնեց
180 Մոռացած մեր երկրի առուները,—
Առաջին անգամ նա տեսավ
Բորբ աշխարհը իր դեմ, ինչպես ի՛րը,—
Հյուսիսից ճառագած լույսով
Թոթափեց դեմքից հին մոխիրը։—