Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/322

Այս էջը հաստատված է

ՆՈԻՅՆ ԿԵՐԿԵՐՈԻՆ ԶԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈԻՆԻՑ


Լավ չե՛ք նայել ուրեմն անկասկած։—
Եվ մի փոքր էլ, գիտե՞ք, ձեզ արտաքին
Փայլն է գլխիր հանել։— Հավատացե՛ք խոսքիս:—

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԳԱՆՑՈԻԹՑՈԻՆՆԵՐ


որոնք միանգամայն խլացնում են կերկերուն կասկածները


— Հոյակա՜պ էր։— Չքնա՛ղ էր։— Ո՛չ մի թերի չկար։–
— Գեղեցիկ էր երրորդ արարն առանձնապե՛ս։—
— Դեռ երբեք չէր մեր մեծ հեղինակի հանճարը
— Փայլատակել այսպես։— Հանճարե՛ղ էր ու վառ։
— Հոյակա՜պ էր։— Չքնա՜ղ էր։— Ո՛չ մի թերի չկար։

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր մեծարգո։—
Թեկուզ տեսնում եմ ես, որ համարյա բոլո՛րդ եք
Մեր կատարած գործից մնացել գոհ,—
Սակայն թող թույլ տրվի, որ ավելի խորը
Մենք մոտենանք խնդրին։— Լավ չե՞ք գուցե
Մտաբերում դուք այն, ինչ որ տեսաք։—
Թող թույլ տրվի ուրեմն, որ խոսքերով հակիրճ
Հիշեցնեմ ձեզ այդ։—
Թույլ տվեք ինձ, որ ես երկու խոսքով պատմեմ
Գոնե միայն երրորդ արարվածի սյուժեն։—
Թատրերգության երրորդ արարում մենք
Տեսանք ընկած Քաղաքը, տեսանք հաղթող
Բանակների ցնծանքն այդ քաղաքում։—
Ապա տեսանք մենք մեծ Առաջնորդի վախճանը,
Անակընկալ վախճանը մեծագույն
Ղեկավարի, որի մահից հետո
Անցան նրա ըմբոստ բանակների գլուխը
Վճռական մարդիկ։— Նրանք, որոնք,