Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/325

Այս էջը հաստատված է

Ով որ ծանոթ է մեր հեղինակի
Գրվածքների ոգուն — նա գիտե՛,
Որ իր ո՛չ մի երկում նա չունի
Կենտրոնական դեր։
Եվ գաղտնի՞ք է միթե ձեզ համար,
Կամ հանելո՞ւկ,
Որ հեղինակը մեր ընդհանրապես
Խուսափել է բոլոր՛ իր երկերի մեջ
Ինչ—որ փքուն ու մեծ
Հերոսների դերեր հանձնելուց։—
Հենց սրանո՛վ է որ մեր հանճարեղ
Անզուգական Վարպետը, օ, առաջին հերթին,
Տարբերվում է բոլոր թե՛ նոր, թե՛ հին
Հանճարներից։— Այո՛։— Հենց սրանո՛վ է նա
Զանազանվում, ասենք, Սոֆոկլեսից,
Կամ Շեքսպիրից, կամ այլ բազմապիսի
Պոետներից թե՛ նոր, թե՛ դասական։—
Եվ ասացե՛ք խնդրեմ՝ թատրերգական
Իր ո՞ր, իր ո՞ր գրվածքում
Իր ո՞ր, թեկուզ փոքրիկ, երկրորդական երկում
Հերոսներ է դրել նա անխոց,
Կամ գլխավոր անձեր, որոնց շուրջը դառնար
Թատրերգության, ասենք, կառուցվածքը ամբողջ։
Կա՞ այդպիսի մի երկ իր երկերի շարքում,
Հարց եմ տալիս.— օ, կա՞։—

Դահլիճը լուռ է:


                           Ո՛չ, այդպիսի փքուն,
Հերոսապաշտ երկեր նա չունի։—
Որտեղի՞ց է էլ այս զարմանալի պերսոնը
Երևացել այսօր, եկել հանդես,
Եվ ծանր, խանգարող քարի պես,
Կախվել Վարպետի անունից։—