Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/326

Այս էջը հաստատված է

Եվ ինչո՞վ է արդյոք հիմնավորում
Նա իրավունքը իր։— Օ՜, նրանով միայն,
Որ Վարպետի նախկին գրվածքներից մեկում
Կա իսկապես նման երկրորդական մի անձ,
Որ խաղում է երբեմն պատահական դերեր։—
Դուք հիշում եք անշուշտ Վարպետի
Սկզբնական մի երկը, որի մեջ
Կա բանակից-բանակ պարբերաբար անցնող
Եթովպացու մի դեր։— Այս ա՛նձն է, որ պիտի,
Իր ասելով, այսօր թատրերգության մեջ մեր
Կենտրոնական հերոսը հանդիսանա,—
Եվ այս աբսուրդը նա
Փաթաթում է մեր մեծ հեղինակի վզին․․․
Օ՜, որպիսի՜ մարմանջ, որպիսի՜
Ե՛վ մեծամիտ, և՛ խեղճ մոլորություն...
Տարված հերոսական երագներով անձուկ՝
Եկել, նստել է նա վարագույրի ետևը,
Եվ պահանջում է, որ իր սեփական անձով
Ներկայանա նա ձեզ և ստանձնի իր դերը․․․
Եվ քանի որ այնտեղ աղմկում է հիմա
Այդ ֆանտաստիկ հերոսը և խանգարում է մեզ —
Ուստի խնդրում եմ ձեզ,
Որ թույլ տաք նրան, որ ինքը
Իր սեփական անձով ներկայանա,
Ասի իր ասելիքը,
Իսկ հետո — ինչպես կամենաք։—
Համաձա՞յն եք։—

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ



             — Կորչի՛։— Չէ՛, թո՛ղ գա։—
— Հարկավոր չի՛։— Թո՛ղ գա։— Թող կորչի՛
— Մենք ուզում ենք տեսնել արարվա՛ծը վերջին․․․
— Հեղինակի երկում այդպիսի դեր չկա՛․․․