Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/328

Այս էջը հաստատված է

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


           Լուռ, անայլայլ դիտում է դահլիճի աղմուկը և ի
           նկատի է առնում դահլիճի տրամադրությունը:— Եվ երբ
           աղմուկը հասնում է գագաթնակետին — ասում է
           անվրդով, հաստատուն ձայնով:

Հանդիսական այրե՛ր։— Հանդիսականնե՛ր։—
Հանգստացե՛ք։— Լռե՛ք։— Կարիք չկա
Աղմկելու։— Առանց աղմուկի է՛լ
Մենք կպարզենք խնդիրը։— Լռեցե՛ք։—

Դահլիճում տիրում է լռություն:


Երբ քիչ առաջ ես ինքս, դիմելով ձեզ,
Հարցըրեցի քանիցս, թե դահլիճում
Կա՞ արդյոք արարած մի թեկուզ,
Որ գտնում է, որ մեր նախավերջին արարը
Հակասում է մեր մեծ հեղինակի ոգուն —
Պատասխանող չեղավ։— Սակայն ինչո՞ւ համար են
Մի քանիսի ձայներն այժմ երգում ուրիշ
Հայտնություններ․․․ Պարզ չէ՞ միթե ձեզ,
Որ ֆանտաստիկ հերոսն այս դահլիճում ունի
Համախոհներ։— Եվ ես
Հարց եմ տալիս ահա՝ կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ տարօրինակ անձին։—

Դահլիճում տիրում է մեռելային լռություն:


Երրո՛րդ անգամն է, որ հարցնում եմ արդեն,—
Կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ հերոսին։—
Դե՛, այդպիսի մարդիկ եթե կան՝
Թող գան՝ իրենց ուզածն ամբիոնից ասեն։—

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ո՛չ։— Այդպիսի մարդիկ այս դահլիճում չկան։