Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

Այստեղից է բխում հենց գլխավոր սխալը
Այս հարգելի անձանց։— Մինչև հիմա սրանք
Չեն կարողացել ըմբռնել
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի ոգու
Աննախընթաց ընթացքը։— Եվ մեր
Երջանկությունն է թերևս մեծագույն,
Որ մեր անմահ, մեր մեծ հեղինակի երկերը
Պատկանում են թատրոնի՛ն մեր միայն,
Եվ ոչ թե ձեր տեսած պարոնների նման
Հերոսներին։— Հիմա՛
Մնում է լոկ, որ մենք, նախքան հերոսն անձամբ
Ներկայանա և խոսքը իր ասի,—
Խնդրենք, որ մեր արգո գործող անձերը գան
Եվ իրենց խոսքն ասեն այս ամենի մասին։—

Դառնալով դեպի վարագույրը:


Ո՞վ կա այդտեղ․— խնդրում եմ՝ խնդրեցե՛ք,
Որ գլխավոր երկու դերակատարը գան
Եվ բարբառեն այստեղ սեփական
Իրենց կարծիքն արգո այս անձերի մասին։—

Վարագույրի ետևից, հագած, ըստ թատրերգության,
զինվորական տասանորդների պայմանական զգեստներ,
դուրս են գալիս գլխավոր դերակատարները և կանգնում
Տնօրենի կողքին: Դահլիճը թնդում է
ծափահարություններից։


ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ


Հանդիսական այրե՛ր։— Այս խնդիրը, որ աստ
Այսքան հուզում է ձեզ,— ո՛չ մթին է, ո՛չ բարդ է.
Զարմանում ենք մենք լոկ, որ այդ մարդը
Հայտնըվել է այսօր մեր առաջ
Եվ պահանջում է մեծ դեր․․․
Երեսուն տարի է արդեն,