Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/341

Այս էջը հաստատված է

Որ ես խաղում եմ մեր հեղինակի գործերը,—
Ինչպես տեսնում եք՝ ես — արդեն ծե՛ր եմ,—
Եվ կարող եմ անգամ ձեզ ասել,
Որ Վարպետի գործում եմ ծերացել։—
Եվ հայտնում եմ այստեղ ես ահա,
Որ ոչ միայն նրա մահամնա երկում
Այդպիսի դեր չկա,
Այլև, իբրև ինքնին հասկանալի հերքում
Այդ անիմաստ ու խեղճ մոլորության —
Բավական է թվել գրվածքները միայն
Հեղինակի մեր մեծ ու հանճարեղ,
Որպեսզի պարզ լինի, որ նման
Հերյուրանքներ — միայն
Անօգնական մարդիկ ընդունակ են ճարել․․․
Եվ ես ևս պնդում եմ Տնօրենի նման,
Որ հերյուրանք է սա և բարբաջանք տգետ․
Չեմ կասկածում, որ այս հասկանում եք դուք է՛լ։—
Իսկ մեզ համար, որ միշտ խաղացել ենք երկերը
Հեղինակի մեր մեծ,— օ, այսպիսի խոսքերը
Կարող են հարուցել ծաղր ու հեգնանք միայն․․․
Եթե գործը դրսից դիտողների համար
Դեռ կարող են լինել կասկածանքներ որոշ,—
Ապա թող պարզ լինի դիտողներին բոլոր,
Անհերքելի լինի միանգամայն,
Որ պիեսը շարժող անձերի
Պերսոնալում չկա և ո՛չ մի մարդ,
Որ հավատա այդ մութ կասկածներին
Եվ խոսքերին այդ։—
Եվ չէ՞ արդյոք մի փաստ անհերքելի
Այդ դավերի դեմ մութ — միահամուռ մեր խաղը․
Ո՞վ էր մեր մեջ արդյոք իր կատարած դերում,
Կամ իր խաղում — թերի.—
Ո՞ր դերակատարը...