Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Այս էջը հաստատված է

Մեր Տնօրենի զրույցը ձեզ հետ —
Եվ կարո՞ղ էի արդյոք մնալ գոհ...
Ի՜նչ խոսք, որ նա մեծ հմտություն ունի
Միամիտ մարդկանց համոզելու մեջ,
Կամ թոզ փչելու նրանց աչքերին...
Ամբողջ երկու ժամ ես լսում էի,
Թե ինչպես նա ձեզ, հանդիսականնե՛ր,
Համոզում էր, թե հեղինակը մեր
Իր բոլոր թե՛ հին, թե՛ նոր երկերում
Իբրև թե միայն անգույն, դիմազուրկ
Դեմքեր է կերտում, նկարագրում...
Որ սրանով է իբրև թե մեր մեծ,
Հանճարեղագույն հեղինակը միշտ
Տարբերվել բոլոր թե՛ հին և թե՛ նոր
Հանճարեղագույն ողբերգուներից․․․

Պաուզա։


Սա ի՞նչ է, արգո հանդիսականնե՛ր,
Եթե ոչ — հեգնանք ու ծաղր կրկնակի
Հանճարեղագույն մեր հեղինակի
Հասցեին։— Այո՛։— Վերցընենք թեկուզ
Մենք նրա վերջին, այսօրվա երկի
Բովանդակության առանցքը միայն.—
Օ՜, ի՞նչն է միակ
Գաղափարը, կամ խորհուրդը, որ նա
Դրել է երկում իր այս վիթխարի․—
Պարզ չէ՞ ձեզ միթե, որ դա — մեր դարի
Եվ մեր պայքարի
Պաթո՛սն է վսեմ ու հերոսական։—
Տեսնո՞ւմ եք սակայն
Դուք նման մի բան