Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/35

Այս էջը հաստատված է

Աշխատանքով անդուլ թե չձուլենք —
Նա կխամրի, հանգած, կանոսրանա,
30 Կփուխրանա, ինչպես մգլած պտուղ,—
Եվ բշտիկներ կուռչեն, լքված օդով,
Այդ փչացած թուջի — այդ խոսքերի վրա...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
85 Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թև,—
Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթև,
Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
90 Դատողության,— (թեկուզ հիմնականում
Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
Բզկտում են նրան, փետրահանում
Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով։—
95 Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
Հանճարեղ խոհն անգամ։— Այդպես ահա՛
Արծիվների թևե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
100 Փետրահանած ու մերկ)։—
Հիմա խոհե՛ր կան՝ այդ արծիվների նման։—
Ու պոետներ բազում, որոնց համար
Հիմնականը փետո՛ւրն է — մի ամեհի խանդով
Փետրաթափ են անում նրանց անդուլ։—
105 Այդ խոհերից վսեմը — աշխատա՛նքն է գուցե.—
Կարդա՛ նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր,— և ինձ ասա՛ հիմա՝
Աշխատե՞լ են նրանք երբևիցե...