Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

Բայց, ինչպես գիտեք, նա թեկուզ կիսատ,
Սակայն՝ հիմնական գծերով լրիվ
Ու ամբողջական մի գործ է թողել։—

ՀԵՐՈՍԸ
Կրկին դիմելով հանդիսականերին:


Ուրեմն այսպե՛ս։— Ինչպես լսեցիք՝
Մեր Տնօրենը ինքն է՛լ է պնդում,
Որ ձեռագրում կան պակաս էջեր,
Կիսավարտ տեղեր... Մնացածը դուք
Կարող եք, ինչպես հարկն է, հասկանալ...
Ձեռագիրն, ավա՜ղ, կորած է անդարձ...
Հարկ կա՞ էլ թափել անիմաստ ջանքեր...
Մեզ երբևիցե օ, դժվա՛ր թե այն
Հաջողվի գտնել, կամ վերականգնել․..
Մնում է ուստի մեզ հեղինակի
Կյանքի բովանդակ գործից ելնելով —
Փորձել համոզել ու ապացուցել,
Որ նրա վերջին գրվածքում իրոք
Եղել է մի մեծ, հանճարեղ հերոս...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Բավակա՛ն է։— Վե՛րջ։— Շա՜տ եք երկարում։—
— էլ ի՞նչ ապացույց, ֆանտաստիկ պարո՛ն...
— Բայց չէ՞ նա կա...— Եթե կա — ապա
— Իրավացի՛ է...— Ա՛յ քեզ սկզբունք...
— Նման հերոսներ շուկայում թափած
— Ինչքա՛ն կամենաք... Սխալվու՛մ եք դուք.
— Տնօրենն ի՛նքն էլ կարծես ընդունեց,
— Որ ձեռագիրը...— Մի՞թե...— Այդպիսի
— Պնդում նա չարեց։— Բայց ինու՞ լռեց
— Երբ հերոսն արավ իր ակնարկը նուրբ...