Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/351

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ աներ.— նրա վզակոթին տար
— Եվ շպրտեր դո՞ւրս...— Դո՛ւրս շպրտել, դո՛ւրս․․․
— Շա՜տ է երկարում...— Շարունակեցե՛ք
— Ներկայացումը...— Լռե՛ք։— Լռությո՜ւն։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք, այրե՛ր։—

Հերոսին


Ձեզ մնում է արդեն
Երեք րոպե միայն։—

ՀԵՐՈՍԸ


Հանդիսականնե՛ր։—

Մի փոքր անդորր — և ես կավարտեմ։—
Ո՞րն է այս երկի բովանդակության
Առանցքը։— օ, դո՛ւք, ասացե՛ք խնդրեմ՝
Ի՞նչ է կամեցել հեղինակը մեր
Ասել իր երկով հանճարեղափայլ.
Թե երկու խոսքով կամենանք մենք այդ
Ասել,— ապա մենք պարզ պիտի ասենք,
Որ առանցքը այս հոյակապ երկի
Մեր հերոսական պայքարն է վսեմ
Ընդդեմ աշխարհի կործանվող ու հին.
Եվ հարց եմ տալիս ես ահա կրկին
Ի՞նչ տեսաք այսօր բեմի վրա դուք.—
Մարդկային մի հոծ, անդեմ բազմություն,
Որ չնչին, գաճաճ առաջնորդների
Ղեկավարությամբ, անիմաստ ու կույր,
Ինչպես մի նախիր — գնում է անմիտ
Ինքն էլ չգիտե, թե ինչո՞ւ և ո՞ւր..