Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/357

Այս էջը հաստատված է

Հարց եմ տալիս ուրեմն.— էլ ո՞ւմ է հարկավոր
«Հերոսական» այս երգը...
Եվ ասացեք խնդրեմ.— այդ ի՞նչ, այդ ի՞նչ
Տարօրինակ հերոս է, կամ գլխավոր անձ,
Առանց որի պիեսը չի կորցընում ոչինչ —
Եվ շահում է անգամ չափազանց...
Պարզ չէ՞ ուրեմն, որ միանգամայն
Հնարովի լեգենդ է այդ դերը,
Կամ ավելորդ մի բան։—
Օ, դատեցե՛ք ինքներդ.— եթե մենք
Օրինակի համար Շեքսպիրի
«Լիր Արքա»–յից հանենք
Դերը Արքա Լիրի —
Ի՞նչ կմնա արդյոք էլ նրանից...
Օ՜, պարզապես ոչի՛նչ։— Բայց ինչո՞ւ։—
Որովհետև այդ երկն իսկապես
Կառուցված է այնպես,
Որ պաթետիկ հերոս է պահանջում։—
Այնտեղ իրոք առանցք է կենտրոնական հերոսը,
Որի շուրջն է դառնում գործողությունն ամբողջ,—
Սակայն միայն թերո՛ւսը
Կարող է պահանջել, որ այսօր
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի երկում,
Որ բազմությանը պաթոսն է քնարերգում —
Գործողությունն ամբողջ դառնա մի
Կենտրոնական անձի, կամ հերոսի շուրջը...
Որտեղի՞ց է գալիս այս անուրջը...
Օ՜, խեղկատակ մարդի՛կ, ողորմելի՜,
ժամանակի՛ց, դար՛ից, հեղինակի ոգուց
Ետ մնացած այրեր անիմաստ,
Որոնց համար դեռևս մեր կյանքը մի
Հոմերոսյան հեքիաթ է, կամ միայն