Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/359

Այս էջը հաստատված է

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՁԱՅՆԵՐ


Որ միանգամայն խլացնում են այս անվստահ ձայները:
— Հեղինակի երկում ո՛չ մի նման հերոս
— Կամ փքուն անձ չկա...— Դո՛ւրս անել, դո՛ւրս։

ՀԵՐՈՍԸ
Արդեն կորցրել է հավասարակշռությունը և սկզբում
շփոթում է իր խոսելու տասվանկանի չափը:


Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք,
Որքան անգո՞ւթն է, որքան անգո՞ւթն է մեր Տնօրենը․..
Նա ի՛նձ, հանճարեղ մեր հեղինակի
Գլխավոր անձի՛ս, որին ի՛նքը մեր
Մեծ հեղինա՜կն է իր պիեսի մեջ
Տվել հոյակապ, անզուգական դեր,—
Տվել է թե՛ սիրտ, թե՛ միտք, թե՛ հոգի,
Հանճար մեծագույն, որ էլ ո՛չ ոքի
Չի տրված այս մեծ ողբերգության մեջ —
Նա դո՛ւրս է նետում ողբերգությունից,
Իբրև լաթ անպետք... Առա՛նց զգալու
Եվ հասկանալու, որ հեղինակի
Հանճարեղագույն ողբերգությունը
Առանց ինձ — ահա դարձել է մի ֆարս...
Այնպես չէ՞, արգո հանդիսականնե՛ր,
Դարձել է — մի ֆարս...

Դահլիճում ծիծաղ:
Իսկ դո՛ւք, հարգելի


Հանդիսականնե՛ր,— չե՞ք տեսնում միթե,
Որ խաբում են ձեզ և ծաղրի հանում,—
Դուք ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում այս.․․
Օ, ժամանակնե՜ր... Բայց ո՛չ, երևի
Ձեր իրավունքը դուք չե՛ք հասկանում.․․