Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է


ՏԱՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,
Եթե հոգնությունն է երգում քո երակներում —
Այս երգս քեզ չի՛ ամոքի,
Քանզի ապրողների՛ն է միայն երգը բարիք բերում։—

5 Բայց դու կարող ես լինել անեզրությա՛մբ տկար,
Եվ տխրությունը, որ բարիք է բարձրագույն

և ծնվում է ոգու կարոտից —

Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալ, իբրև մշուշ իջնել, և

աչքերդ զրկել փարոսից...


Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,
10 Եթե հիվանդ ես դու երգի՛ կարոտով —
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՛ կելնես, և կողջունես այս երգս

քո վիշտը փարատող։—

Ապա կընկնես ինձ հետ ուղի աղետավոր,
Եվ քեզ հետ միասին, ո՜վ կարոտի եղբա՛յր,
15 Մենք կընթանանք անխոնջ դեպի կարոտ մի նոր,
Եվ դժնությունը մեր մեջ կթվա չեղյալ...

Բեղմնավո՜ր է այսօր մեր մարգագետինը,
Մեր հրկիզված արոտը որքա՜ն արգասավոր,—
Ո՞ւմ համար է այսօր, որ հորիզոնը մթին է,
20 Ո՜ւմ համար է արեգակը դժնի, ու՞մ աստղն է

այսօր գիսավոր...