Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Այս էջը հաստատված է


ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ


Այս մատյանները հին, մագաղաթյա,
Այս հաստակող գրքերը՝ ձեռքով գրված,—
Որքա՜ն, որքա՜ն մեջքեր՝ ցավից կորված
Եվ որպիսի՜ կորով ու երկաթյա
5 Համբերություն ու կամք են նոցա ծնել...
Օ՜, հանճարեղ ճորտե՛ր, որ չեք քնել
Գիշերներով երկար, ու կապարե, ու կույր,
Ինչպես դարերը ձեր, ինչպես անլուր
Տքնությունը ձեր խեղճ ու սրբազան...
10 Օ՜, բարբարոս բերքի հազարամյա՛կ դաժան,
Անարշալույս խավար ու տքնություն,
Եվ անպտուղ մտքի խռովք անդավաճան,
Եվ կեղեքող ոգու հանճարեղ թո՛ւյն․․․

Ահավասիկ նստած են կորաքամակ՝
15 Արծաթյա միրուքներով և աչքերով բորբոք.
Եվ գրում են ոգու ստրկության համար
Մագաղաթյա գրքեր... Օ՜, անթափանց ցնորք,
Կույր դարերի ծնած օ, զառանցանք հտպիտ —
Ոգու աղքատության ու տաժանքի գնով
20 Օ՜, անտենչանք վատնում ստեղծագործ մտքի
Այսպես նստած դարեր՝ ոսկեղենիկ գրչով
Ճորտությո՛ւնն են իրենց ոսկեզօծել,—
Ինչպես նստեր այսօր մի հանճարեղ աղջիկ
Եվ գիշերվա խավարը ասեղնագործեր...
25 Անկարելի սիրով, տքնությունով անլուր,