Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

20 Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղ։—

25 Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը,—
Ունայնությամբ ես լցնում ու հողով
Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են։—

30 Օ՜, Բնությո՛ւն,o՜, Մա՛յր։—

Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
Քո արևից, քո սրտից մի բեկոր —
Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
Որը ո՛չ թե սրտի մորմոքով,
35 Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
Եվ զարկել է մի ուրիշ քարի —
Եվ արևի դստերը իր խրճիթն է տարել,
Որ գիշերի գրկում ոսկևորիկ պարի...

Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

40 Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
Եվ բարիքները նրանց խորքերի,—
Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
Որ ծառերի դալար ճյուղքերից
Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
45 Եվ նետելով խորքը ծովերի —
Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
Եվ իր խուղը տարել, իբրև գերի...