Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Այս էջը հաստատված է

Դարձնում են նրանց պատնեշները փոշի՝
75 Հանուն հացի, լույսի, աշխատանքի վսեմ,—
Եվ պատերազմը այդ դժնի ու անողոք,
Այդ մարտնչումն՝ ընդդեմ շահագործող մարդու —
Չէ՞ արդյոք արշավանք դեպի լուսաողող
Քո գիրկը զվարթուն —

80 Օ՜, Բնությո՛ւն, օ՜, Մա՛յր...

Պայքարների դժնի ճանապարհով
Բազմություններ ահա բազմահազար,
Որ դարերով գրկիդ ու գգվանքիդ կարոտ
Հնձել են, բայց չեն ճաշակել բերքերդ սրբազան,—
85 Դեպի քե՜զ են գալիս, դեպի անեզրական
Երկինքնե՛րդ բազմաշխարհ ու բազմաստեղ,
Իբրև տե՜ր են գալիս, իբրև տիրակա՜լ,
Գալիս են, որ աստղերիդ և ընթացքի՛դ անգամ
Իրենց ստեղծարար հանճարը պատվաստեն,—

90 Օ՜, Բնությո՛ւն, օ՜, Մա՛յր։—

Ընդունի՛ր ուրեմն նվաճողներիդ երթը,
Իբրև արգանդդ հին բեղմնավորող բարիք,—
Ընդունի՛ր որդիներիդ հաղթանակի երգը,
Որ հնչում է ընդերքից աշխարհի․—
95 Ընդունի՛ր նաև այս երգը գորովական,
Որ քո չնչին հյուլեն մի գիշեր աստղալից
Մատուցեց քեզ սիրով ու որդիաբար՝
Ողջունելով խորհուրդդ աստղային․․․

Օ՜, Բնությո՛ւն, օ՜, Մա՛յր։—