Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/40

Այս էջը հաստատված է

Հնձի եմ ելել հնձվորի նման —
Եվ ո՛չ մի ցողուն չե՛մ ուզում զիջել։
Չե՛մ ուզում լինել արճիճ ու երկաթ,
Այլ, սիրտս սրբած վաղվա հավատով՝
55 Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝
Իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով։

Եվ դո՛ւ, գալիքի երջանի՛կ ընկեր,
Համաշխարհայի՛ն դու քաղաքացի.
Լսում ես՝ մարտիկ լինելուց բացի
60 էս է՛լ քեզ նման մի մարդ եմ եղել։
Ես է՛լ քեզ նման ունեցել եմ բյուր
Կարոտներ, կրքեր ու զգացմունքներ,
Տքնել եմ, հոգնել, պայքարել անքուն,
Թափել խնդության, ցավի արցունքներ,—
65 Սիրել եմ, սիրել, ատել ու ներել,
Ընկել եմ հաճախ, բարձրացել էլի՛ —
Եվ բազմապիսի երգեր եմ գրել՝
Խոհով, պայքարով ու կրքերով լի՛։—

Եվ երբ հուշ դառնա այսօրվա ներկան,
70 Ու դարը այս մեծ փոխվի երազի,
Եվ դու, իմ հեռու, գալի՛ք բարեկամ,
Կարդալու լինես իմ կյանքի մասին,—
Իմացի՛ր, որ մեր օրերի խորքում
Ես էլ եմ եղել կրքերին գերի,—
75 Հասկացի՛ր սրտիս հույզերը հորդուն
Եվ պայծա՜ռ նայիր անցած պատկերիս․․․
1929