Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Այս էջը հաստատված է


ԺԱ


Զգում ես, որ անհուն ու խոր ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար, ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր — անհուն, անծիր — պիտի հանես

դու աշխարհ,

Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի։—



ԺԲ


Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու

գանձեր.—

Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատնելի ու անդադար, անկերպարանք ու անձև։—



ԺԳ


Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես․−
Բայց ինչքա՛ն էլ հախուռն զգաս դու կուտակումը

ոգուդ —

Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես։—



ԺԴ


Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ․
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում․
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ —
Անակրնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում։—


ԺԵ

Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.