Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/421

Այս էջը հաստատված է


XXIX


Մեծ դաշնությոնեը ոգու — դո՛ւրսը, կյանքո՛ւմ է

կոփվում.—

Դաշն է ոգիդ աշխարհին — այդ մարտին մասնակից

ես եթե։



XXX


Սեր, և՛ պայքար, և՛ քնար,— միասի՛ն եք դուք,

միասի՛ն եք․—

Դղյակներո՛ւմ է ապրում երգը՝ սրից առանձին։—



XXXI


Կարո՞ղ ես քեզ կոփել այնպես, որ քո մեջ ամփոփես

անցյալը,

Բայց և լինես ներկայում — նոր, քան նորերը բոլոր։—



XXXII


Ո՜վ հանճարներ վիթխարի,— Դա՛նթ, Հոմերո՛ս,

Ալեքսա՛նդր,—

Ձե՛րն էր արոտն երեկվա,— ձե՛րն է և հունձքը վաղվա։—



XXXIII


Ուզո՞ւմ ես բարձրանալ քո դարից․— ուրեմն ոգով դու

պիտի

Թե՛ անցյալը զգաս հարազատ — և թե նոր լինես

ներկայո՛ւմ։—



XXXIV


Ֆավն, ու նիմփեր, ու սրինգ, — երգ և տավիղ

քաղցրաձայն․..

Մի՞թե աղբյուրդ չունե՞ր — տիղմ ու թախիծ, Ապողո՛ն։—