Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/429

Այս էջը հաստատված է

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ



Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։—

5 Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,—
10 Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ —
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
նոր խոհերի վրա ժանգ չչոքի։—

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
15 Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,—
Բայց նա կգա — լեզուն այս երկաթյա բերքի
20 Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ..․

1933. I 28