Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45

Այս էջը հաստատված է

ԱՅՐԱԾ ԵՐԳԵՐ

Когда для смертного умолкнет шумный день—
И на немые стогны града...

А. ПУШКИН


Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշապատ նստեց տանիքների վրա,—
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած։
5 Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ի՛նքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,—
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց, ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին։
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր երկու աչքեր մեռած,
15 Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա։
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
«— Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
20 Որ վերանա խավարը քո հուշերին չոքող։—
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,—