Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/451

Այս էջը հաստատված է

HEINRICH HEINE


Ես սիրում եմ քեզ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Դու մոտիկ ես ինձ չափազանց։
Երգերիդ միջից քո ձայնը
Հնչում է ինձ հա՛ր հարազատ։

5 Դու մոտիկ ես ինձ Հա՛յնրիխ Հա՛յնե,
Թմբկահար, մարտիկ ու պոետ։
Երբ բացվեց հոգուս վաղորդայնը —
Սիրեցի նվագները քո ես։

Սիրեցի երգերիդ քնքշությունը,
10 Երազներդ չքնաղ ու նրբին,
Տխրադեմ, գոլ մտար իմ տունը՝
Ոսկելար քնարը ձեռքիդ։

Բայց հետո, երբ մի քիչ մեծացա ես —
Սիրեցի թմբուկըդ հնչեղ,
Սիրեցի շեփորող քո ձայնը,
Որ գիտե պայքարի կոչել։

Իսկ ապա, երբ ճամբիս ծաղիկները
Փոխվեցին փշերի ու խոցի —
Սիրեցի երկմիտ շշուկներդ
20 Եվ հեգնանքդ, որ նման է բոցի։