Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/484

Այս էջը հաստատված է

Ահա կանգնած իրար կողքի
Աբովյանի երկայնքն ի վեր՝
Լույս են խմում գարնան շողքից
Ու կանաչում ծառերը մերկ։
25 Հիշում ես, սի՛րտ, գարուն մի այլ,
Երբ տնկեցին ծառերն այս նոր,
Երբ մեր բոբիկ մանկանց նման
Նրանք դեռ մերկ, նրանք տկլոր.—
Երբ մեր լուսե մանկանց նման
30 Այնպես վտիտ, այնպես բարակ —
Դեռ շուրջը սով, դեռ շուրջը մահ —
Շարք կանգնեցին այստեղ նրանք...
Մեր մանկանց պես տկլոր, վտիտ
Ծառերն այս երբ կեցան հերթի՝
35 Շատե՞րն արդյոք հավատացին
Նրանց պայծառ առավոտին.—
Տե՛ս՝ ինչպե՜ս են փթթել հիմա
Հասակ առել ու կանաչել —
Տե՛ս, ինչպե՞ս են նրանք աճել
40 Մեր լուսեղեն մանկանց նման...

3


Ահա կրկին մեզ մոտ գարուն.
Երևանում ահա կրկին
Գարունն անմար բույր է վառում
Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։
45 Յոթը գարուն ահա արդեն
Հեռու սրից, ահից, մահից
Բացվում են վառ, աճում այսպես
Մանկիկները խորհրդային...
Յոթը գարուն արդեն ահա