Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/495

Այս էջը հաստատված է

Մ․ ԳՈՐԿԻ
ՄՐՐԿԱՀԱՎԻ ԵՐԳԸ


Ծովի ալեհեր հարթության վրա
Ամպեր է ահա կուտակում քամին,
Ահեղ ամպերի և ծովի միջև
Ճախրում է հպարտ մրըրկահավը՝
Թռչում է՝ մի սև կայծակի նման։
Մերթ ալիքներին թևով դիպչելով,
Մերթ նետի նման ամպերին հասած՝
Ճչում է նա չոր — և խինդ են լսում
Ամպերը խիզախ թռչունի ճիչում։
Հնչում է ճիչում — փոթորկի ծարավ։
Ե՛վ զայրույթի ուժ, և կրքի հրդեհ,
Ե՛վ հաղթանակի հավատք են լսում
Ամպերը նրա այդ ահեղ ճիչում։
Նվում են ճայերն ամպրոպից առաջ,
Սուզահավերը նվում են նույնպես,—
Սուզահավերին անհայտ է հավետ
Անհուն հրճվանքը կյանքի պայքարի։
Գոռ որոտներից սարսում են նրանք։
Հիմար պինգվինը թաքցընում է խեղճ,
Գիրուկ մարմինը ժայռերի խորքում...
Եվ միայն հպարտ Մրըրկահա՛վն է
Ճախրում համարձակ, խիզախ և ազատ