Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/496

Այս էջը հաստատված է

Ծովի ալևոր, ճերմակ փրփուրում։
Ավելի մռայլ ու ծանր են իջնում
Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում՝
Թռչելով դեպի որոտը պայթող։
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ՝ վիճում քամու հե՛տ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ գրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձընում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին։—
Մրըրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում —
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն ոգի փոթորկի,—
Եվ ծիծաղում է և խուլ հեկեկում...
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նա — զգայուն դև — վաղուց է արդեն
Հոգնություն տեսնում։— Համոզված է նա,
Որ չեն պարուրի ամպերն արևին,
Չե՛ն ծածկի ընդմիշտ, չե՛ն ծածկի, օ, ո՛չ։—
Ոռնում է քամին... Որոտը թնդում...
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ անդունդի վրա —
Բռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում։
Կրակե կարմիր օձերի նման
Ե՛վ գալարվում են, և՛ կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր։