Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/512

Այս էջը հաստատված է

Բայց ավելորդ են համարում նրան։
Վիրավորիչ է, իհարկե, սա քիչ.
Բարկանում է մերթ մարդկանցից նա է՛լ,
Եվ, բարկանալով, տանում է կյանքից
Ո՛չ նրանց հաճախ, ում պե՛տք է տանել։
Է, սատանայի՞ն սիրի նա գուցե,
Անհագուրդ շնչի դժոխքի հրով,
Հեկեկա սիրո ցավից ու խոցից,
Նրա հետ մեկտեղ արբենա սիրով...

III


Աղջիկը՝ կանգնած Մահի առաջին՝
Սպասում է հարվածին Մահի։
Փնչում է մահը,— խղճում է զոհին.—
— «Ինչքա՜ն էլ ջահե՛լն է, նայի՛ր․..
Ի՞նչ ես արքային ասել կոպտաբար.
Սպանեմ պիտի քեզ դրա համար»..․

— «Օ, մի՛ բարկանա,— աղջիկը ասաց.
Ինչու՞ ես իզուր բարկանում վրաս.
Առաջին անգամ համբուրում էր ինձ
Սիրածս՝ թփի կանաչ հովանում,
Իսկ արքան — փախչում էր պատերազմից.
Ի՞նչ արքա, ի՜նչ բան — այդ լույս վայրկյանում
Դե, ես էլ ասի արքային, նրան.
— Հեռացի՛ր, արքա՛, այստեղից։—
Լա՛վ էի ասում, կարծես թե,— սակայն
Տես՝ ինչքա՜ն եղավ անտեղի...

էհ, Մահից, գիտե՛մ, ազատում չկա.
Մեռնելու՛ եմ, գիտե՛մ, չըսիրած,—