Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/518

Այս էջը հաստատված է

Միայն թե սրան — երկար կյա՛նք դու տուր։
Մեղավոր եմ ես, չեկա ժամկետին,
Կարծում էի, որ — դու շա՜տ ես մոտիկ,
Թո՛ւյլ տուր սիրածիս ես գրկեմ էլի —
Կյանքը նրա հետ շա՜տ է ցանկալի․․․
Նա էլ — լա՜վն է շատ, նայի՛ր՝ հուրհուրան
Ինչպիսի՜ չքնաղ, ինչպիսի՜ վսեմ
Հետքեր է թողել նա կրծքիս վրա.
Տես՝ կակաչներ են կրակե ասես»...

Մահն, ամաչելով, կամաց ծիծաղեց.
— «Արևի հե՜տ է համբուրվել ասես...
Բայց — մենակ դու չե՛ս իմ հոգսը կյանքում.
Շատերի՛ն պիտի ես մահ տամ ու քուն.
Ես ժամանակին լա՛վ եմ ծառայում,
Գործ շատ կա, իսկ ես — զառամ եմ արդեն․
Ամեն մի վայրկյանն ինձ թանկ է կյանքում —
Հավաքվի՛ր, աղջի՛, ժամանակն է, դե՛»...

Պնդում է աղջիկն.—

— «Իմ սիրածը ինձ

Երբ գրկում է — էլ ո՛չ երկինք, ո՛չ հող.
Լցվում է հոգիս կարոտով աննինջ,
Վառվում է իմ մեջ երկնային մի շող...
էլ սարսափ չկա գալիքի հանդեպ,
Ո՛չ մարդ է էլ պետք, ոչ երկինք անհուն.
Մանկան պես — խինդը իրենո՛վ է խենթ,
Եվ իրենո՛վ է սերը հիանում»
Լսում է մահը, մտածկոտ ու սև,—
էհ, ո՞նց կասեցնի այս երգը անվերջ...
Չի՛ք աստված կյանքում — արևից վսեմ,
Իսկ կրակ — սիրո կրակից անշեջ․․․