Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/519

Այս էջը հաստատված է

VII


Լուռ է մահը, իսկ զրույցներն աղջըկա
Հալում են չոր ոսկորները նրա հին,
Մերթ սառեցնում և մերթ կիզում են նրան,—
Ի՞նչ պիտի տա Մահու սիրտը աշխարհին։

Մահը — մայր չէ, բայց կի՛ն է նա և նրա
Սի՛րտն էլ անշուշտ մտքից ուժեղ է և խիստ.
Իր մութ սրտում կան բողբոջներ հուրհուրան
Կարոտանքի, վրդովմունքի և խղճի։

Նրանց, ում նա սիրում է խոր իր սիրով,
Ում սիրտը որ չար կարոտով է լեցուն —
Գիշերները նա որպիսի՜ կարոտով
Մե՜ծ հանգըստի զրույցներ է շշնջում:

— «Էհ, ի՜նչ,— ասաց Մահը.— Հրա՜շք թող շինի,
Թույլ եմ տալիս — ապրի՛ր, ապրի՛ր դու, միայն...
Միայն թե ես ընդմիշտ քեզ մոտ կլինեմ,
Սիրո կողքի՛ն ես կլինեմ հավիտյան»...

Այդ օրվանից Սերն ու Մահը, ինչպես քույրեր,
Միասին են շրջում կյանքում մինչև հիմա,
Սիրո հետքից Մահն է քայլում քայլով երեր,
Սուր գերանդին ուսին, միջնորդ կնոջ նման։—
Քայլում է նա, իր քրոջով հմայված հա՛ր —
Եվ ամենուր, թաղման ծեսին, թե հարսանքին —
Նա անդադրում, անշեղորեն կերտում է վառ
Խինդը սիրո և բերկրությունը կյանքի։