Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/520

Այս էջը հաստատված է

ՍՏԱԽՈՍ ՍԱՐՅԱԿԻ ԵՎ ՃՇՄԱՐՏՈԻԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ ՓԱՅՏՓՈՐԻԿԻ ՄԱՍԻՆ

Սա մի շատ ճշմարիտ պատմություն է, և ես այն կսկսեմ այսպես.

— Հանկարծ այն պուրակում, ուր տեղի ունեցավ այս հետաքրքիր դեպքը, բոլոր երգող թռչուններից ընդհանուր ուշադրություն գրավեց մեկը, որի երգած երգերը համակված էին ո՛չ միայն հույսերով, այլև համոզվածությամբ։

Մինչ այդ, բոլոր թռչունները, վախեցած վրա հասած գորշ ու դժնի եղանակից, երգում էին երգեր, որոնք այն պատճառով էին միայն երգ անվանվում, որ երդվում էին. նրանց մեջ տիրապետում էին մելամաղձոտ և անհույս նոտաները, և ունկընդիր-թռչուններն սկզբում համարում էին դրանք մահամերձի խռպոց, բայց հետո հետզհետե ընտելացան և նույնիսկ սկսեցին գտնել դրանց մեջ զանազան գեղեցկություններ — մի բան, որ, այնուամենայնիվ, նրանցից մեծ ջանք էր պահանջում։

Պուրակում բոլորին տոն էին տալիս ագռավները, թռչուններ, որ իրենց էությամբ հոռետես են և, բացի քիչ թե շատ բարձր կռկռոցից, ոչնչի ընդունակ չեն։ Ուրիշ ժամանակ նրանց վրա ուշադրություն է՛լ չէին դարձնի, բայց այժմ, երբ նրանց ձայները տիրապետում էին, նրանց լսում էին և նույնիսկ համարում նրանց