Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/523

Այս էջը հաստատված է

Այդ հիանալի գարնանային օրեր էին, երբ պուրակում նոր էին սկսել ծաղկել ծաղիկներն ու հույսերը, երբ թռչունները երգում էին հնչեղ երգեր արևին, իսկ ամպերից ազատ երկինքը թվում էր անսահման խորը և կարծես կանչում էր թռչուններին փորձել թևերի ուժը,— հասնել նրա խորությանը։ Այն լա՜վ օրեր էին, երբ հարկ չկար ստիպելու քեզ ապրել, որովհետև ուզում էիր ապրել,— կար նպատակ և հույս կար հասնելու նրան։ Եվ այդ օրերը հայտնվեցին պուրակի առջև և, աստղերի նման, փայլեցին մշուշում, որ պուրակից ծածկում էր երկինքը։

Թռչունները թպրտացին և կենդանացան։ Ո՞ւր է երգիչը։ Թող նա ընդունի հիացմունքի և շնորհակալության տուրքը։ Դա, երևի, հոյակապ, գեղեցիկ թռչուն է։

Նրանք հավաքվեցին ամբողջ երամով և նետվեցին այնտեղ, որտեղից նրանց ընդառաջ էին թռչում աշխույժ և հպարտ հնչյունները։

Բայց երբ նրանք թռան-եկան, տեսան որ այդ պարզապես մի սարյակ է — ամենասովորական, գորշ, մոմե քթիկով մի սարյակ։ Նա նստած էր կաղնու ճյուղքին և շփոթված էր իրեն ցույց տված պատվից. փոքրիկ, հուզված և անհանգստացած, նա բոլորի մեջ զարմանք առաջացրեց և ոչ-ոքի դուր չեկավ։

Հեռու... Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հի՛ն...


Երբ այս ճչում է արծիվը, բազեն, վերջապես անգղը,— դա և՛ գեղեցիկ է, և՛ հուժկու․ բայց սարյա՜կը, սարյա՜կը, որ պատերազմ է հայտարարում աստվածներին... Այստեղ կա որոշ անհամապատասխանություն,