Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/526

Այս էջը հաստատված է

հայտնի չէ, բայց ես համոզված եմ, որ պետք է առաջ գնալ։ Այնտե՛ղ է երկիրը, որ արժանի է պարգև լինելու այն վաստակների համար, որոնք մենք կրել ենք ճանապարհին։ Այնտեղ հավիտենական, անվերջանալի լույս է, այնտեղ կան մեզ անհայտ հրաշալիքներ, այնտեղ մենք կհրճվենք մեր ուժի հայեցությամբ, և ամբողջ աշխարհը ասպարեզ կդառնա մեր գործերի, որոնց վեհությունը անհնարին է պատկերացնել այժմ, այնտեղ մեր միտքը ամե՛ն ինչ կլուծի, և մեր զգացմունքները, հրաշալիորեն բարդացած, կբանան մեր առջև չճաշակած հաճույքների մի նոր աշխարհ, այնտեղ է նա — կյանքը, որ արժանի է մեզ․․․ Հարգեցեք և սիրեցեք միմյանց, և, հպարտ ու խիզախ բանակով ընթանալով դեպի հաղթանակ, չկասկածեք ո՛չ մի բանում, քանզի ի՞նչ կա մեզանից բարձր․․․ Ետ նայեցեք և տեսեք, թե ի՛նչ եք եղել դուք առաջ —այնտեղ, կյանքի արշալույսին։ Ձեր այն ժամանակվա ամբողջ հավատը չարժեր այժմյան մի կաթիլ կասկածանքին։ Սովորելով այդպես զարհուրելի կասկածել ամեն ինչի, ձեզ համար եկել է ժամանակ հավատալու ինքներդ ձեզ, քանզի միայն մեծագույն էությունը կարող է հասնել այնպիսի կասկածանքի, որպիսի կասկածանքի հասել եք դուք․․․ Դեպի այնտեղ — երջանկության երկիրը․․․Դեպի այնտեղ — դեպի այդ հրաշալի «առաջ»-ը։

— «Առա՜ջ» — բացագանչեցին թռչունները, քանզի նրանց սրտերում բոցավառվեց հպարտությունն իրենցով։

Ոգևորության արցունքները և հավատը լցրին սարյակի աչքերը։ Եվ բոլոր թռչունները երգեցին, և այնքան թեթև զգացին իրենց բոլորը, բոլորն զգացին, որ սրտերում ծնվեց կրքոտ տենչանք կյանքի և երջանկության։