Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/533

Այս էջը հաստատված է

մուրզաներն հավաքվեցին այդ տոնակատարություններին, եղան խաղեր և խնջույք, աղեղներից կրակում էին գերիների աչքերին, փորձելով ձեռների ուժը, և նորից խմում էին, փառաբանելով Ալհալլայի՝ թշնամիների պատուհասի, խանության հենարանի խիզախությունը։ Իսկ ծեր խանն ուրախ էր որդու փառքին։ Հաճելի էր խանին իմանալ, որ, երբ նա մեռնի, խանությունը կլինի ամուր ձեռքերում։

Հաճելի էր այս նրան, և ահա նա, ցանկանալով ցույց տալ որդուն իր սիրո ուժը, ասաց նրան բոլոր մուրզաների և բեկերի ներկայությամբ,— հե՛նց այդտեղ, խնջույքին, թասը ձեռին, ասաց.

— Լա՜վ որդի ես դու, Ալհա՛լլա։— Փա՜ռք Ալլահին, և թող փառաբանվի նրա մարգարեի անունը։

Եվ բոլորը փառաբանեցին մարգարեի անունը հզոր ձայների խմբով։ Այդ ժամանակ խանն ասաց.

— Մե՜ծ է Ալլահը։ Դեռ իմ կյանքի օրով նա հարություն տվեց իմ երիտասարդությանն իմ խիզախ որդու մեջ, և ահա տեսնում եմ ես ծեր աչքերով, որ, երբ անհետանա նրանցից արևը, և երբ որդերը կրծեն իմ սիրտը — կենդանի կլինեմ ես իմ որդու մեջ։ Մեծ է Ալլահը և Մոհամեդը — նրա մարգարեն։ Լա՜վ որդի ես ունեմ, ամուր է նրա ձեռքը և պայծառ է խելքը․․․Ի՞նչ ես կամենում դու առնել քո հոր ձեռքերից, Ալհա՛լլա։ Ասա՛, և ես կտամ քեզ ամե՛ն ինչ քո ցանկությամբ...

Եվ դեռ չէր լռել ձայնը ծերունի հոր, երբ բարձրացավ Տոլայկ Ալհալլան և ասաց, պսպղացնելով աչքերը՝ սև, ինչպես գիշերային ծովը, և վառ, ինչպես աչքերը լեռնային արծվի.

— Տո՛ւր ինձ ռուս լեհուհուն, հրամայո՛ղ-հայր։

Լռեց խանը — քիչ լռեց, այնքան ժամանակ, ինչքան