Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/534

Այս էջը հաստատված է

հարկավոր էր դողը սրտում ճնշելու համար — և, լռելով, հաստատուն և բարձր ասաց.

— Վերցրո՛ւ։ Երբ վերջացնենք խնջույքը դու կվերցնես նրան։

Բորբոքվեց կտրիճ Ալհալլան, մեծ ուրախությամբ փայլատակեցին արծվային աչքերը, կանգնեց նա ամբողջ հասակով և ասաց խանին — հորը.

— Ես գիտեմ, թե դու ի՛նչ ես նվիրում ինձ, հրամայող-հա՛յր։ Գիտե՛մ ես այդ... Քո ճորտն եմ ես — քո որդին։— Վերցրո՛ւ իմ արյունը ժամը մի կաթիլ — քսան մահով կմեռնեմ ես քեզ համար։

— Հարկավոր չէ՛ ինձ ոչինչ,— ասաց խանը և թեքվեց կրծքին նրա ալեհեր գլուխը՝ պսակազարդված երկար տարիների և բազմաթիվ մեծագործությունների փառքով։

Շուտով նրանք վերջացրին խնջույքը, և երկուսն էլ լուռ, կողքեկողքի, պալատից գնացին հարեմը։

Գիշերը մութն էր, ոչ աստղերը, ոչ լուսինը չէին երևում ամպերի ետևից, որ խիտ գորգով ծածկել էին երկինքը։

Երկար գնում էին խավարում հայրն ու որդին, և ահա խոսեց խան էլ-Ասվաբը․

— Օրը-օրին մարում է իմ կյանքը — և ավելի ու ավելի թույլ է զարկում իմ սիրտը, ավելի ու ավելի պակասում է և կրծքիս հուրը։ Իմ կյանքի լույսն ու տաքությունն էին կազակուհու տոթ գգվանքները... Ասա՛ ինձ, Տոլա՛յկ, մի՞թե նա այդքան հարկավոր է քեզ: Վերցրո՛ւ հարյո՛ւրը, վերցրու իմ բոլո՛ր կիներին նրա փոխարեն...

Լռում էր Տոլայկ Ալհալլան, հառաչելով։

— Քանի՞ օր է ինձ մնացել։ Քիչ օր ունեմ ես աշխարհում․․․ Իմ կյանքի վերջին ուրախությունը — այդ