Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/536

Այս էջը հաստատված է

և, տեսնելով որ սխալվել է, կրկին տառապում նրա, այդ կնոջ պատճառով․․․

— Իմաստությունը — դեղ չէ սիրո ցավի,— ասաց խանը։

— Խղճանք իրար, հա՛յր...

Բարձրացրեց գլուխը հայրը և տխուր նայեց որդուն։

— Սպանե՛նք նրան,— ասաց Տոլայկը։

— Դու քեզ ավելի՛ ես սիրում, քան նրան և ինձ,— մտածելով, խուլ ասաց խանը։

— Ախար դու է՛լ։

Եվ կրկին նրանք լռեցին։

— Ա՛յո։— Ե՛ս ևս,— տխուր ասաց խանը։ Վշտից նա երեխա դարձավ։

— Ուրեմն ի՞նչ — սպանե՞նք։

— Ես չե՛մ կարող քեզ տալ նրան, չե՛մ կարող,— ասաց խանը։

— Ես է՛լ չեմ կարող այլևս սպասել. պոկիր իմ սիրտը կամ տո՛ւր նրան ինձ։

Խանը լուռ էր։

— Գցենք նրան լեռից ծովը։

— Գցենք նրան լեռից ծովը,— կրկնեց խանը որդու խոսքերը, ինչպես որդու ձայնի արձագանքը։

Եվ այդ ժամանակ մտան նրանք հարեմը, ուր կինն արդեն քնած էր հատակին, փարթամ գորգի վրա։ Կանգ առան նրանք նրա առջև, նայեցին. երկար նայեցին նրան։ Ծեր խանի աչքերից թափվում էին արցունքներն արծաթյա մորուքին և պսպղում էին այնտեղ, ինչպես մարգարիտներ,— իսկ նրա որդին կանգնած էր, փայլատակելով աչքերը և իր ատամների կրճտոցով, կիրքը զսպելով, արթնացրեց կազակուհուն։ Արթնացավ նա — և նրա երեսին, քնքուշ ու վարդագույն, ինչպես արշալույսը, ծաղկեցին նրա աչքերը, ինչպես մանիշակներ: