Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է


ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ
        (Հերոսական)
ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Ո՛չ փող զարկինք...
Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ


Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից—երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբստությունն ահագնացավ ու աճեց։

5 Զնդաններում, խրճիթներում, հանքերում,
Ուր տառապած մա՛րդն է հարթում իր ուղին,—
Ոտքի ելան ահազանգի զանգերով
Գնդերն անդուլ գործարանի ու հողի։

Եվ ոտնաձայնը գնդերի ընթացող
10 Եվ շառաչյունը զենքերի մահահոտ —
Խրճիթներում հնչեց, որպես մարտակոչ,
Պալատներում պայթեց, իբրև մահվան բոթ․

Եվ թափորի ելած բո՛լոր գնդերի,
Բոլոր ըմբոստ բանակների առաջում —
15 Արդեն ննջած առաջնորդի պանծալի,
Անձեռագործ դիակառքն էր շառաչում...