Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ

Այս սենյակներում գիշեր մի մթին,
Երբ դուրսը բուքն է շաչել հիստերիկ —
Մի պորփյուրակիր արքա—արլեկին
Հարցաքննել է դեկաբրիստներին։
5 Սառը ժպիտով, բեղերը սրած,
Սեղմել է նրանց մատները դողդոջ —
Եվ նրա կապույտ աչքերից նրանց
Նայել է մի պահ բախտը անհողդողդ։
Ճի՛շտ նույն ժպիտով, որով նա հաճախ
10 Սիրել է նայել սիրուհու զիստին,
Բարակ ձեռքերը իր կրծքին խաչած՝
Հրավիրել է Պեստելին նստի։
Կապույտ աչքերը հառելով սրին,
Սրտում զսպելով խոր մի ահ թեպետ՝
15 Չափազանց ինտիմ, քաղաքավարի
Զրույց է արել Ռիլեևի հե՛տ։
Կանչել է մեկ—մեկ, խոսել է այսպես,
«Բացել» է անգամ իր սիրտը ոմանց,
Փորձել է անգամ վեհությամբ ազդել՝
Մի հեքիաթային արքայի նման...
Աչքերում պահած ամեհի հուրեր՝
Օրհնել է նրանց ժպիտով խաղաղ,—
Եվ ճանապարհ է այստեղից դրել
Դեպի բանտ, Սիբի՛ր, դեպի կախաղա՛ն։

1929. X. Լենինգրադ