Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/585

Այս էջը հաստատված է

...ուսուցիչը — Ֆրիդրիխ Պարրոտը (1791—1841), Աբովյանի հովանավորն ու ուսուցիչը։ «Ուխտին անդավաճան մնալու» ոգով է գրված Աբովյանին հասցեագրած Պարրոտի վերջին նամակը (տե՛ս «Դիվան Խ. Աբովյանի», հ. I, 1940, Երևան, էջ 264—266)։

...երբ ինքը մի գյուղացու — Իր «Նոր վկայություն Դորպատի պրոֆեսոր պարոն Ֆոն Պարրոտի՝ Արարատի գագաթը իսկապես բարձրանալու մասին» հոդվածում Աբովյանը գրում է, որ դեպի լյառը Մասիս վերելքի ժամանակ (1829 սեպտեմբեր) ինքը գյուղացիներին «մասամբ խնդրելով, մասամբ սպառնալիքներով» է հարկադրել ուղեկցել Պարրոտին և իրեն (տե՛ս Խ. Աբովյան, «Երկերի լիակատար ժողովածու», հ. VII, Երևան, 1956, էջ 33)։

...հագավ վերարկուն, գլխարկը դրեց կռնատակին — Պ. Հակոբյանը հաստատում է, որ Չ—ը անպայման ծանոթ է եղել Աբովյանի անհետացման վերաբերյալ ոստիկանական հետաքննության տվյալներին, ըստ որի Աբովյանը 1848 թ. ապրիլի 14—ին տնից դուրս է եկել շինելանման վերարկույով, գլխարկը ծածկած։

Արարատյան արևը...— Վերը հիշատակված «Նոր վկայություն...» հոդվածում Աբովյանը գրում է, որ ավելի գեղեցիկ տեսարան, քան Մասիսի գագաթից Արարատյան դաշտը, ինքը երբևէ չի տեսել։

Հայտնի է, որ 30—ական թվականների սկզբից մեծ լուսավորչի մասին վեպ գրելու նպատակով Աբովյանի կենսագրության, կյանքի և գործունեության մանրակրկիտ հետազոտությամբ էր զբաղված Ակ. Բակունցը. նախքան վեպի հատվածները, 1932 թ. հրապարակվեց նրա «Խաչատուր Աբովյանի «Անհայտ բացակայումը» ուսումնասիրությունը։ Կասկած չի կարող լինել, որ Չ—ը հիմնավորապես տեղյակ էր իր բարեկամի պրպտումներին։

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

(էջ 222)

Թվագրել է 1933. V. 4։ Բնաբանն առել է Սիամանթոյի «Մահվան տեսիլք»—ից («Հոգևարքի և հույսի ջահեր»)։

...ո՜վ տառապյալ հանճար — Նկատի ունի իտալական բանաստեղծ Դանթե Ալիգերիին (1265—1321)։

Ծանոթագրվող պոեմում Չ—ը օգտագործել է Դանթեի «Աստվածային կատակերգության » մտահղացումը՝ «տեսիլով» ճանապարհորդություն