Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

170 Կոնդից թնդում էր մի թնդանոթ,
Իսկ գնդացիրը՝ Քանաքեռից:
Եվ Երևանը, որպես հնոց,
Վառվում էր դեմը ռազմի ծխում.
Այնտեղ կռիվն էր արդեն մխում,
175 Այնտեղ շռինդ էր, ու ռումբ, ու բոց...

Եվ տեսնում էինք մենք բլուրից,
Թե ոնց զորքերը մեր փոքրաթիվ
Ահա անցնում են կայարանից
Եվ մոտենում են մեր ճակատին։
180 Բայց կանգնած էին կայարանում
Դեռ գնացքները զրահապատ.
Խուլ եռուզեռ էր այնտեղ տիրում...
Մի ջահել զինվոր, սարսափահար,
Հայտնեց այն միտքը, որ բոլորիս
185 Արդեն հուզում էր, որպես կասկած,—
Եվ մենք նայեցինք մեր զինկոմին,—
Որ հասակ ուներ, ինչպես հսկա։—

Ասաց զինկոմը երիտասարդ.—
«Մերոնք թողնում են քաղաքն արդեն.
190 Նրանք կարող են ճամփան կտրեն,
Ժամանակին թե մենք չհասանք
Եվ գնացքները չազատեցինք»։—
Եվ քշեց թափով հանկարծ նա ձին։
Բայց դեռ հազիվ էր մի—երկու քայլ
105 Ձին առաջացել, երբ նա թափով
Զսպեց կատաղած ձիու թափը
Եվ ասաց ձայնով մի անայլայլ. —
«Դուք սպասեցեք այստեղ, մինչև
Ես վերադառնամ»։ — Եվ նա կրկին
200 Ձգեց սանձերը ու քշեց ձին՝