Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Այս էջը հաստատված է

Մի տարօրինակ ժպիտ դեմքին...
Ձին թռավ թեթև, ինչպես քամի,
Ինչպես կայծակե մի երիվար.—
Մենք տեսնում էինք, որ թշնամին
205 Արդեն առել է Երևանը
Եվ մոտենում է կայարանին։—

Մենք նայում էինք մեր դիրքերից․
Նա սլանում էր, թռչում առաջ,
Եվ, հայացքներս նրան հառած,
210 Անձնատուր մթին մեր մտքերին՝
Հետևում էինք ձիու վազքին
Մենք սրտատրոփ,— իսկ նա թեթև
Թե՛ հեռանում էր հետզհետե,
Թե՛ մոտենում էր կայարանին...

215 Բայց ո՞վ էր, ո՞վ էր արդյոք այնտեղ․
Այդ մերո՞նք էին, թե թշնամի՞ն,
Որ գնացքները գերել արդեն
Եվ սպասում էր հրամանի,
Որ առաջանա և մեզ գերի...
220 Մենք նայում էինք մեր դիրքերից
Մեր քաջ զինկոմին, որը հեռվում
Փոքրիկ մի կետ էր արդեն թվում։ —
Մենք նայում էինք սրտի տապով
Եվ չգիտեինք դեռ մենք, թե նա
225 Այդքա՛ն անվրդով, այդքան անահ
Դեպ փրկությու՞ն է թռչում թափով․
Թե՞, պահած սրտում կսկիծ անհուն՝
Դեպի կորուստ է նա սլանում..․